ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին կոչ ենք արել ճնշում բանեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի վրա. Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 3-ին ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հանդիպմանը։
«Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք Հրվ․ Կովկասի անվտանգային խնդիրներին, Արցախյան հակամարտության կարգավորման մեր տեսլականին, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև հայաստանյան «ժողովրդավարությանը»։
Շեշտել ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ խաղաղությունը հիմնված լինի արդարության վրա, իսկ արդարությունը պահանջում է՝
ա․ արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում, արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ երաշխիքների տրամադրում ու ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի հիմնախնդրի կարգավորում,
բ․ Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձ,
գ․ Ադրբեջանի օկուպացիոն զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից և առանց ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի իրական սահմանազատում, այլ ոչ թե պարտադրված անվերապահ կապիտուլյացիա,
դ․ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացում և այլ թշնամական գործողությունների դադարեցում։
Հյուրերի ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը «խաղաղություն» ասելով հասկանում է Հայաստանի ինքնիշխանության վերացում։ Քննադատել ենք Հայաստանի իշխանությունների պարտվողական և անվերջ միակողմանի զիջումների քաղաքականությունը։ Հյուրերին կոչ ենք արել ճնշում բանեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի վրա՝ հրաժարվելու Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսելուց։
Ինչպես նշեցի, անդրադարձել ենք «ժողովրդավարության բաստիոնի» ոչ ժողովրդավարական քաղաքականությանը, քաղաքական բանտարկյալների առկայությանը, ոստիկանական բռնություններին և այլն»,-գրել է նա։