Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր այս առաջին այցը և կայացած քննարկումները վկայում են երկու երկրների քաղաքացիների համար նոր շոշափելի արդյունքների հասնելու մտադրության մասին։
ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ջանքերը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում երկարատև կայունության ու խաղաղության ապահովման համատեքստում շեշտելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթաց առահովելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ու փոխաջակցության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի։