Տրանսպորտային ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել նույնիսկ մեծ տարածաշրջանի երկրների համար. Միրզոյան
Ուզում եմ առաձնացնել տարածաշրջանում խաղաղության և կայունության տեսանկյունից տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևոր ուղղությունը: Այդ մասին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք կառուցողական առաջարկ ենք արել և կառուցողաբար ենք տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում: Մենք կարծում ենք, որ այս տեսլականը և այդ ապաշրջափակումը կարող են տնտեսապես շահավետ լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների, նույնիսկ մեծ տարածաշրջանի երկրների համար:
Ավելին, կարծում ենք, որ այդ ծրագիրը, այդ ապաշրջափակումը հավելյալ խաղաղության գործոն կդառնա տարածաշրջանում: Այդ պատճառով մենք հանդես ենք եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նաև հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն առաջին անգամ ներկայացրել է Թիլիսիում կայացած համաժողովի ժամանակ: