Ժամանակն է վաղուց, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. Միրզոյան
Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք միանգամայն պատրաստակամ ենք և պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը: Պատրաստ ենք նաև, այդ տեսլականն ունենալով, այդ տեսլականին ընդառաջ, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների և պայմանավորված քայլերի իրականացմանը:
Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ, մենք ունենք արդեն պայմանավորվածություն և մենք կարծում ենք՝ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան»,- ասաց Միրզոյանը: