ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի ցույց տված «Գորշ գայլեր»-ի ժեստի համար
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ տեսուչ է նշանակել Դեմիրալի գործը հետաքննելու համար, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է ավարտվել գործի քննությունը։
Նիդերլանդների դեմ Թուրքիայի հաջորդ խաղը կկայանա հուլիսի 6-ին Բեռլինում:
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս՝ ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։