«Կրիստալ» գնողներն ու իրացնող ամուսինները ձերբակալվել են
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
«Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ և, նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ նրա` զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:
Աշտարակի քրեական հետախույզների տեղեկությունը հիմնավորվեց: Պարզվեց, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը «կրիստալ» են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործեու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալեցին նաև այդ աշտարակցուն: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեցին օգտագործված երկու ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար` 1,34 և 2,17 գրամ:
Այսպիսով, բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո ժամը 21:50-ին Աշտարակի Քասախի փողոցում, ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Րոպեներ անց իրենց փողոցում ձերբակալվեց նաև նրա կինը:
Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվեցին լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե երեք սրվակ և այլն:
Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Դատարանի որոշմամբ Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: