«Սյունիքը» հրաժարվել է հանդես գալ Հայաստանի Պրեմիեր լիգայում
Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը որոշել է հաջորդ մրցաշրջանում հանդես չգալ Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել․
«Սիրելի երկրպագուներ,
«Սյունիք» ֆուտբոլային ակումբը, թեպետ ՀՖՖ-ի կողմից ստացել էր 2024/25 թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագիր, այս տարի Առաջին խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Հաշվի առնելով փաստը, որ մեր թիմը չկարողացավ նվաճել Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Կապանի «Լեռնագործ» ստադիոնը չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին, իսկ «Սյունիքը» սկզբունքային դիրքորոշում ունի տնային հանդիպումներն անցկացնել բացառապես հարազատ մարզում՝ շեշտը դնելով տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման վրա, ակումբը որոշում է կայացրել եւս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։
«Սյունիք» ՖԱ ղեկավարությունը թիմի առաջ նպատակ է դրել գալիք մրցաշրջանն ավարտել առաջին հորիզոնականում և ոսկե մեդալներով տեղափոխվել Պրեմիեր լիգա»։