Ադրբեջանում COP29-ին ընդառաջ՝ իրավապաշտպանները սկսել են «Ազատություն Անար Մամեդլիին» արշավը
Մինչ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության վերաբերյալ հաջորդ համաժողովը՝ COP29-ը, ադրբեջանցի իրավապաշտպանների խումբը համատեղ արշավ է սկսել Ադրբեջանում բռնաճնշումներին վերջ տալու համար, ասվում է Ժնևում գործող Progress & Change Action Lab ոչ առևտրային խորհրդատվական խմբի հայտարարության մեջ։
«Միավորելով ուժերը Անար Մամեդլիի անվան տակ՝ արշավը նպատակ ունի մեծացնել միջազգային հանրության ուշադրությունն Ադրբեջանում քաղբանտարկյալների և երկրում մշտական ռեպրեսիաների մթնոլորտի հանդեպ»,- ասվում է քարոզարշավի մամուլի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ Անար Մամեդլին՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հայտնի պաշտպանը, Ադրբեջանի միակ քաղբանտարկյալը չէ։ «Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» խմբի տվյալներով՝ ներկայումս երկրում կամայականորեն կալանավորված է 303 մարդ։
Քարոզարշավի հիմնադիրները մատնանշում են Abzas Media-ի, Toplum TV-ի և Kanal 13-ի լրագրողների, ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպիսիք են Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը և Meclis.info-ն, և այնպիսի քաղաքական խմբերի, ինչպիսին է Երրորդ հանրապետության պլատֆորմը, ակտիվիստների ձերբակալությունները:
«Որպես COP29-ի հյուրընկալող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է միջոցառումը կազմակերպել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի հիմնական ուղեցույցների համաձայն՝ ներառյալ քաղաքացիական հասարակության ազգային դերակատարների հետ փոխգործակցությունը: Մենք կարծում ենք, որ այս փուլում Ադրբեջանը չի համապատասխանում COP29-ում բաց երկխոսության խթանման պայմաններին՝ երաշխավորելու միջազգային և ազգային քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը կամ առաջարկելու անվտանգ ու ապահով համաժողովների անցկացման վայր բոլորի համար:
COP29-ի հիմնական թեման կլիմայական օգնությունն է, սակայն ընդունող երկիրը 2023 թվականի սեպտեմբերից արգելափակել է զարգացման և ժողովրդավարության նպատակով օգնությունն ու 2013 թվականից կտրուկ սահմանափակել է Ադրբեջանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունների միջազգային ֆինանսավորման հասանելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: