ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրների հետ. Ստոլտենբերգ
Ներկայում ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինի վերանայման անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ այժմ դաշինքին անմիջական սպառնալիք չկա, ճապոնական Yomiuri թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրի՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հետ, տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման, տեխնոլոգիական զարգացման և կիբեռհարձակումներին հակազդելու ոլորտներում՝ հաշվի առնելով Չինաստանից բխող վտանգները:
«ՆԱՏՕ-ն Պեկինին հակառակորդ չի համարում, սակայն Չինաստանը մարտահրավեր է նետում մեր սկզբունքներին, շահերին և անվտանգությանը»,- ասել է գլխավոր քարտուղարն ու ընդգծել, որ Չինաստանն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում՝ արտահանելով առաջադեմ տեխնոլոգիաներ ու էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաև արտադրում է անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ: