Վարչապետն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:
Վարչապետը նշել է, որ որպես հուլիսի 1-ից Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր՝ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ:
Լազար Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: