Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված 29.743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որևէ հավակնություն չունի. Լիլիթ Մինասյան
Ռումինիայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 31-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ:
Պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել վեհաժողովի քաղաքական եւ անվտանգային հարցերով հանձնաժողովի նիստում:
«Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք ներկայացնել ձեզ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները:
Այս տարի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես սկսեցին սահմանների դելիմիտացիայի գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ողջունվել է տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից՝ ներառյալ Եվրոպայի միությունը:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Հայաստանը հավատարիմ է այս սկզբունքին եւ իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որեւէ հավակնություն չունի: Այս մոտեցումը Հայաստանի Հանրապետությունը գործնականում ապացուցել է Ադրբեջանի Ղազախի եւ Հայաստանի Տավուշի մարզի չորս գյուղերում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ:
Առաջին անգամ անկախ պետականության շրջանում Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կմ տարածքը սահմանազատված է: Զուգահեռաբար, կողմերը պայմանավորվել են մոտ օրերս ավարտել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի նախագծի համապատասխանեցումը:
Հույս ենք հայտնում, որ սահմանի ամբողջ երկայնքով սահմանազատման գործընթացը շարունակական կլինի, եւ բոլոր խնդրահարույց հարցերը կլուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ Հայաստանի կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում: Մենք պաշտոնապես առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հուսով ենք՝ այս նախաձեռնությունը դրական արձագանք կստանա Ադրբեջանի գործընկերներից:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարատեւ կայուն խաղաղությանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն պետական սահմանի սահմանազատման, ինչպես նաեւ հաղորդակցությունների ապաշրջափակման վրա երկու պետությունների ինքնիշխանության եւ իրավասության ներքո՝ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարեւոր դեր ունի Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը նպաստելու գործում: Մենք գնահատում ենք ձեր ներդրումը տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գործում ու ակնկալում ենք ձեր շարունակական ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լիլիթ Մինասյանը: