Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽ համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» նախագծի վերաբերյալ
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։
Նախագծով սահմանվել են հանրային և մասնավոր կյանքի տարբեր ոլորտներում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներն ու դրանց իրացման հիմքերը, այդ իրավունքների երաշխավորման հետ կապված՝ պետական մարմինների պարտականությունները, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ձևավորման և գործունեության հիմքերը։
Վենետիկի հանձնաժողովը և ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինությունը ողջունել են Հայաստանի ջանքերը՝ վերսկսելու նախագծի լրամշակման գործընթացը և նշել, որ այն կնպաստի ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։
Համատեղ կարծիքով ներկայացվել են նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ՝ կապված ազգային փոքրամասնությունների հասկացության, շրջանակի, իրենց լեզուն գործածելու ազատության և կրթության իրավունքի ապահովման երաշխիքների, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի կազմավորման կանոնների ու մանդատի և այլ հարցերի հետ։