Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արարատում, Վեդիում, Արտաշատում, Մասիսում բնակություն հաստատած արցախցիների հետ․ իր հայրական օրհնությունը փոխանցել նրանց
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է շրջել թեմերով ու հանդիպել բռնի տեղահանված հայրենակիցների հետ։ Հանդիպումների նպատակն է համախմբել և սրտապնդել արցախահայությանը, տեղեկանալ վերջիններիս խնդիրների մասին և գտնել համապատասխան լուծումներ:
Հունիսի 26-27-ը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել է Մասյացոտնի թեմ։
Ինչպես հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից, թեմակալ առաջնորդը տեղի հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Արարատ, Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքներ:
Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն է փոխանցել արցախցիներին, ներկայացրել հանդիպումների նպատակն ու հետագա անելիքները:
Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը: