ԱՄՆ-ը շարունակում է հորդորել կողմերին՝ օգտվելու ստեղծված հնարավորությունից. դեսպան Մարկ Լիբբի
Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած վերջին քայլերը պատմական հնարավորությունների պատուհան են բացել՝ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Մարկ Լիբբին նշել է Բաքու-Վաշինգտոն գործակցության կարևորությունը:
Դեսպանը բարձր է գնահատել սահմանազատման գործընթացը, նաև համոզմունք հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանն առավել, քան երբևէ:
«Խաղաղության համաձայնագիրն աննախադեպ կայունություն կստեղծի տարածաշրջանում, դուռ կբացի առևտրի և գործնական շփումների ընդլայնման համար, ինչն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»,- ընդգծել է Լիբբին։
Նա հավելել՝ ԱՄՆ-ը շարունակում է հորդորել կողմերին՝ օգտվելու ստեղծված հնարավորությունից: «Մենք կանենք հնարավորը՝ օգնելու այդ հարցում»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: