Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին
Իսրայելի Պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտնել է, որ իր ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» մի շարք օբյեկտներին, փոխանցում է «Լուրեր»-ը։
«Իսրայելը չի ցանկանում պայքարել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ, սակայն պատրաստ է ցանկացած զարգացման»,- այս շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
Միևնույն ժամանակ, իսրայելական պաշտոնյաները վերջերս ավելի ու ավելի են զգուշացնում «Հեզբոլլահի» հետ լայնածավալ հակամարտության անխուսափելիության մասին, որն ուժեղացրել է Իսրայելի հրթիռակոծումը Լիբանանից:
Ուրբաթ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի հնարավոր ագրեսիան Լիբանանի դեմ կվերաճի ոչնչացման լայնամասշտաբ պատերազմի:
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունն էր նախազգուշացրել, որ Իսրայելի ներխուժումը Լիբանան՝ կապված «Հեզբոլլահի» գործողությունների հետ, կարող է առաջացնել Իրանի հակազդեցությունը և վերածվել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության՝ հաղորդում է The Hill-ը։