ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար առանցքային է՝ ոլորտի առաջխաղացման, նոր գաղափարների իրագործման, թանգարանները հանրության շրջանում հնարավորինս հանրահռչակելու նպատակով: Նրա խոսքով՝ մասնավոր թանգարաններ ճանաչողական այցերը ևս այդ նպատակն ունեն:
«Լուսինե Զաքարյանը հայ երգարվեստի ամենանշանավոր դեմքերից է, որը նվաճել է համաշխարհային բեմերը: Եվ մենք շատ ենք կարևորում, որ տուն-թանգարանը՝ որպես նրա վառ կենսագրության ու գործունեության մասին պատմող առաջնային միջավայր, հայտնի ու ճանաչելի լինի հանրության համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Ըստ աղբյուրի՝ թանգարանի ղեկավար Սուսաննա Դավթյանը, ներկայացրել է Լուսինե Զաքարյանի կենսագործունեությունից դրվագներ, տուն-թանգարանում պահվող նրա իրերը, ցուցանմուշները: Խոսելով Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի մասին, Սուսաննա Դավթյանը նշել է. «Ինչ-որ ցուցադրված է, գրեթե ամբողջը նվերներ են. նրանք չեն մտածել թանկարժեք իրեր ձեռք բերելու մասին: Իրենց հոգու մեջ էին գանձերը փնտրում»:
ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև վերջերս հաստատված «Թանգարանների մասին» օրենքին` ընդգծելով, որ օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության համակարգված գործունեությունը, կընդլայնվեն հնարավորությունները, և կբարձրանա ոլորտի արդյունավետությունը:
Նշվում է, որ այցի շրջանակում կողմերը քննարկել են թանգարանի տեսանելիության բարձրացմանը, թանգարանային միջավայրի պահպանությանը, պետության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը բացվել է 2019 թվականին և գտնվում է Երևանի Կողբացի 42/3 հասցեում: