Պահանջում ենք իշխանություններից հերքել սուտը և ներողություն խնդրել Արցախից բռնի տեղահանված ժողովրդից. «Միասին»
«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը և շարժման անդամ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց բողոքն են արտահայտում ՀՀ իշխանություններին՝ 12․06․2024թ․ ՀՀ վարչապետի և Աժ նախագահի կողմից արցախցիների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների առնչությամբ, համաձայն որոնց արցախցիները գործիք և նյութ են ընդդիմության ձեռքին, արցախցիներն ու արցախցի զինվորականներն իրենք են հանձնել Արցախը, վախկոտ լինելով, թողել և փախել են Արցախից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» շարժումը:
Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է. «Միասին» շարժումը հայտարարում է այդ մեղադրանքների սադրիչ և բացարձակ սուտ լինելը և պահանջում է հերքել այն՝ ներողություն խնդրելով Արցախից բռնի տեղահանված ժողովրդից։ Հատկանշական է, որ նման արտահայտություններ են հնչեցնում մարդիկ, ովքեր մեղավոր և պատասխանատու են Արցախն Ադրբեջանին հանձնելու, այն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինը ամիս արցախցիներին շրջափակման մեջ պահող Ադրբեջանին չդատապարտելու, նրանց ռեալ օգնություն չցուցաբերելու, շրջափակումը վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու, Արցախից հրաժարվելու և 120 000 արցախցու տարհանելու, նրանց համար պատշաճ օգնություն չկազմակերպելու, փախստականի կարգավիճակից բխող նրանց՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների ապահովումը տապալելու, ժամանակավոր կացարանով չապահովելու, տարհանվածներին աջակցելու նպատակով այլ երկրներից փոխանցված միլիոնավոր գումարներն այդ նպատակին չօգտագործելու, արցախցիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելու, ՀՀ քաղաքացիություն պարտադրելու, պաշտոնյաներին անհիմն ձերբակալելու, քրեական անհասկանալի գործեր հարուցելու, ցույցի մասնակիցներին բերման ենթարկելու համար։