Բաքուն արտերկրում Ռուբեն Վարդանյանի դեմ լոբբիստական արշավ է սկսել. Politico
Բաքուն արտերկրում ուղղորդված հակաքարոզչական արշավ է իրականացնում ընդդեմ բարերար, գործարար, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը նախորդ տարվա սեպտեմբերից ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում: Այս մասին գրել է ամերիկյան Politico հանդեսը՝ «Շաբաթվա տարօրինակ լոբբիստական արշավ» խորագրով նյութում:
Ըստ հրապարակման՝ Politico-ն անցյալ շաբաթ PR ընկերությունից նամակ է ստացել Եվրոպայում «ռուսական ազդեցության գործողությունների» վերաբերյալ: Պարբերականը նկատում է, որ թեև այս բնորոշումը շատ գրավիչ է հնչում, բայց ուշագրավ էր փաստը, որ այն կենտրոնացած էր բացառապես մեկ մարդու՝ Ռուբեն Վարդանյանի վրա:
Այնուհետև պարբերականը հիշեցնում է 56-ամյա միլիարդատիրոջ վերջին տարիների գործունեությունը՝ կապված ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու, Արցախ տեղափոխվելու, պետնախարարի պաշտոնը ստանձնելու, ապա ադրբեջանցի ուժայինների կողմից ապօրինաբար ձերբակալվելու և Բաքվի բանտ տեղափոխվելու մասին:
«Ենթադրվում էր, որ նա կապեր է պահպանում Կրեմլի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները, ի վերջո, թողեցին, որը Վարդանյանին և տեղի մյուս ղեկավարներին ադրբեջանցիները կալանավորեն», - ասվում է հրապարակման մեջ:
Հեղինակը նշում է, որ Unilever-ի նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Վարդանյանի ազատ արձակման համար ակտիվ քարոզարշավ իրականացնողներից են։
«Վարդանյանի գրասենյակը պնդում է, որ նա առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու հավանականությունը գրեթե զրոյական է՝ հաշվի առնելով նրա ոչ միանշանակ անցյալը: Այդուհանդերձ, Ադրբեջանում զայրացած են նրա թեկնածության առաջադրմամբ՝ տեղական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն: Հենց այստեղ է ի հայտ գալիս PR արշավը, որի պնդմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են միջնորդությունը, որը կոչ է անում Նոբելյան մրցանակի կոմիտեին Վարդանյանին ճանաչել որպես Ռուսաստանի գործակալ և բացառել նրան որպես մրցանակի հավանական ստացող:
Դե, ըստ Ուկրաինայի վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից աշխատող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության, Եվրախորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը և Կարեն Մելքիորն աջակցել են Վարդանյանին հեղինակավոր մրցանակի համար «սև ցուցակում» ընդգրկելու կոչերին։
Սակայն կա միայն մեկ խնդիր. պատգամավորները Politico-ին պատմել են, որ իրենք նման բան չեն արել՝ ենթադրելով, որ իրենց խոսքերը միտումնավոր են հանվել կոնտեքստից՝ աջակցելու Ադրբեջանի թեզերին:
«Ես մասնակցել եմ այս միջոցառմանն այն հիմքով, որ այն վերաբերում էր ռուսական ապատեղեկատվությանը: Ամոթալի է, որ այն օգտագործվում է ադրբեջանական ապատեղեկատվության համար։ Ես չեմ պաշտպանել որևէ համատեղ հայտարարություն և չէի մասնակցի դրան, եթե այն որևէ կապ ունենար Ադրբեջանի դեսպանատան հետ», - ասել է գերմանացի եվրապատգամավոր ֆոն Կրամոն-Տաուբադելը:
Դանիացի եվրապատգամավոր Մելքիորը, իր հերթին, Politico-ին ասել է, որ չի ստորագրել հայտարարության տակ, և չի էլ ստորագրի:
Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ որևէ առնչություն ունեն նման լոբբիստական միջոցառմանը վստահություն հայտնելուն:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնին, ապա այս պարագայում ամեն ինչ ամենևին էլ պարզ չէ: Կազմակերպությունը, կարծես թե, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, ֆեյսբուքյան էջն ունի ընդամենը 88 հավանում, իսկ Google-ում առկա ընդամենը հինգ հղումներից չորսն ադրբեջանամետ հոդվածներ են, որոնք գրել է Կենտրոնի հիմնադիր Իգոր Չալենկոն», - ասվում է հրապարակման մեջ: