ՀՀ-ի հետ մեր համագործակցության ձևաչափը կախված է ՀՀ կառավարությունից․ Մեհդի Սոբհանի
Մենք չենք ճանաչում մանկասպան սիոնիստական ռեժիմը և ողջունել ենք ՀՀ-ի այդ դիրքորոշումը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու և Պաղեստինի ժողովրդին աջակցելու հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Այդ դրական քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները ու դեմ է դրանց խախտմանը, որը դրսևորվում է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հայտնի են ողջ աշխարհին՞,- ասաց դեսպանը:
Գալով ՀՀ-Իրան հարաբերությունների ու պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ գործողությունների կդիմի Իրանը Սյունիքում Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում, դեսպանը ասաց.
«Կարծում եմ, եթե երկրները խաղաղության մասին ցանկություն են հայտնում, նրանք չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով: Ինչ վերաբերվում է ՀՀ-ի հետ մեր համագործակցության ձևին, դա կախված է ՀՀ կառավարությունից, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել բոլոր ոլորտներում, ցանկացած մակարդակում կարելի է համագործակցել, բայց դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածության ու ընկալումների վրա»: