Երեք աղջիկ հարձակվել են սննդի կետի աշխատակցի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք
Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ իրենք զբոսաշրջիկներ են և Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում հարձակվել են իրենց վրա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 03։55-ի սահմաններում կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ 6 տղաներ ծեծում են աղջիկների: Րոպեներ հետո կրկին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պուշկին փողոցի 43 հասցեի մոտ ծեծկռտուք է անհայտ աղջկա մասնակցությամբ:
Դեպքի վայրից ոստիկանները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Գյուլուժանա Մ․-ին, 35-ամյա Լոլա Ս․-ին, Երևանի բնակիչներ 35-ամյա Արմինե Կ․-ին, 26-ամյա Ռազմիկ Ա․-ին, 29-ամյա Էդմոն Չ․-ին և 22-ամյա Սամվել Հ․-ին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Սամվել Հ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի նմանվող մոխրացած հետքերով կաթուցիչ:
Արդեն ոստիկանության Կենտրոնական բաժնում Էդմոն Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Պուշկինի 43/3 հասցեում գործող «Գրիլ.ամ» սննդի կետ երեք աղջիկներ են մոտեցել, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, դրսում հնչեցրել են հայհոյանքներ և իր կողմից արված դիտողությունից հետո հարձակվել են իր վրա, հարվածել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռազմիկ Ա․-ն, Էդմոն Չ․-ն, և Սամվել Հ․-ն աշխատում են «Գրիլ.ամ» սննդի կետում՝ որպես խոհարարներ։