Արթուր Սուքոյանն ազատ կարձակվի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը, ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշել է վերացնել և փոխել Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանն է միջնորդություն ներկայացրել՝ պահանջելով վերացնել խափանման միջոց տնային կալանքը և որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սուքոյանը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, ինչպես նաև՝ նախաքննության փուլում արդեն հարցաքննվել են վկաները, առերեսումներ են եղել։
Հանրային մեղադրողը ևս միջնորդել է փոխել խափանման միջոց տնային կալանքը՝ նշելով, որ վարչական հսկողությունը՝ սահմանափակումներով և բացակայելու արգելքը բավարար են պատշաճ վարքագծի ապահովման համար։ Մեղադրողի դիրքորոշմանը միացել է նաև լրագրող Դավիթ Լևոնյանը։
Դատարանը որոշել է բավարարել միջնորդությունները։
Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն, իբրև թե, հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը ստահոդ լուրեր էր տարածել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում էր ներկայացրել, նախաձեռնվել էր քրեական վարույթ, որով նա տուժող էր ճանաչվել։ Արթուր Սուքոյանը մայիսի 1-ին ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել։ Հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը, որը նախնական դատալսումների փուլում փոխվել է վարչական հսկողությամբ։