ՍԴ-ն կարճել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը
Սահմանադրական դատարանը կարճել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այժմ՝ դատավորների ռեզերվում գտնվող) դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը։
Դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ՝ այս տարվա մարտի 7-ին՝ խնդրելով Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բացառիկ վերանայման վարույթ հարուցել բացառապես սպառիչ և ոչ թե բոլոր այն դեպքերում, երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանն իր 2 մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը դատարանի կողմից կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Խնդիրն այն է, որ դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ինչը ՍԴ-ն մերժել էր։
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:
Հաջորդիվ՝ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք, սակայն նոր հանգամանքներով պայմանավորված այս բողոքի վարույթ ընդունումը մերժվել էր։ Այս որոշումից հետո դատավորը դիմել է ՍԴ՝ պնդելով, որ բողոքը ենթակա է վերանայման, քանի որ իր նկատմամբ օրենսդրական նորմը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
Դիմողը պնդում է, որ այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ նոր հանգամանքի ուժով բողոքաբերի վերաբերյալ կայացված՝ օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտը չբեկանելու հնարավորություն, ապա այդպիսի օրենքը չի կարող համապատասխանել Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանն այնքանով, որքանով այդպիսի կարգավորման գոյությունն արգելափակում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով Սահմանադրական դատարանի որոշման կատարումը: Ըստ Դիմողի՝ տվյալ պարագայում իմաստազրկվում է Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելը, քանի որ անհատական դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը Դիմողի համար կոնկրետ գործով չի կարող լինել վերջնական դատական ակտի վերանայման հիմք: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բովանդակությանն այնքանով, «որքանով թույլ է տալիս Սահմանադրական դատարանի որոշման հիմքով բացառիկ վերանայման վարույթ հարուցել բացառապես սպառիչ և ոչ թե բոլոր այն դեպքերում, երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր», կամ երբ քրեադատավարական ընթացակարգի արդյունքում կայացված դատական ակտով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը դատարանի կողմից կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Պատասխանող կողմը՝ ԱԺ-ն, պնդել է, որ նորմը համապատասխան է Սահմանադրությանը։ ՍԴ-ն, ուսումնասիրելով կողմերի դիրքորոշումը, նշել է, թե դիմումն ակնհայտ անհիմն է և որոշել է կարճել գործի վարույթը։