ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը
ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը. ընդունվել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։
«Վեհաժողովը ողջունել է Հայաստանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։
Վեհաժողովը գոհունակությամբ է նշել իշխանությունների կողմից օրենսդրական գործընթացում ներառականության ու թափանցիկության ապահովումը, ինչը հանգեցրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը՝ Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհրդատվությունների համաձայն։
Վեհաժողովը բարձր է գնահատել դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները և գոհունակությամբ նշել Հայաստանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի հետ իրական երկխոսության պատրաստակամությունն ու շարունակական ջանքերը: Միաժամանակ, ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնել, որ դեռ կա տարածված ընկալում, թե դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերը չարաշահվում են՝ նրանց որոշումների վրա ազդելու նպատակով: Ըստ այդմ՝ վեհաժողովը ողջունել է, որ արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովից կարծիք է խնդրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բարեփոխման հայեցակարգային փաստաթղթի վերաբերյալ, որը ցույց է տալիս այս հարցում ԵԽ մարմինների հետ համագործակցելու քաղաքական կամքը:
Վեհաժողովը դրական է գնահատել համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու՝ իշխանությունների ցուցաբերած իրական վճռականությունը, ինչի վկայությունն է երկու մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների և դատարանների ստեղծումը, դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումների ներդրումը»,- ասված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։