Երեք տարի կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի բարձրացրած հարցերին ՄԻՊ-ը լուծում չի տվել. ասում են՝ դրանք համակարգային բնույթ ունեն
Շուրջ երեք տարի կալանքի տակ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին լուծում դեռևս չի տրվել։
Դավիթ Տոնոյանը 2024թ ապրիլի 19-ին գրություն էր ուղարկել ՄԻՊ աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ։ Տոնոյանը ՄԻՊ-ի ուշադրությունն էր ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ ինքն արդեն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, իր դիտարկմամբ՝ անհիմն և անօրինական։ Ապրիլի 23-ին ՄԻՊ-ն այցելել է ՔԿՀ՝ հանդիպելու Տոնոյանին։
Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը հայտնել էր, որ բավականին երկար զրուցել է Տոնոյանի հետ, սակայն մանրամասներ հայտնելուց զերծ էր մնացել՝ նկատի ունենալով, որ զրույցը խորհրդապահական նշանակություն ունի։ Նա հայտնել էր միայն, որ Տոնոյանի նշած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը։ ՄԻՊ-ը, ինչպես ասել էր Մանասյանը, ստացված տեղեկությունները ամբողջականացնելուց և ամփոփելուց հետո իր մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ կհասցեագրի և կփորձի դրանց ուղղությամբ լուծումներ գտնել։
«Փաստինֆո»-ն ամիսներ անց կապ է հաստատել ՄԻՊ աշխատակազմի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արձանագրումներ են կատարվել։ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ Դավիթ Տոնոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքներով, վերջինիս կողմից իր խնդիրները բարձրացնելուց անմիջապես հետո, Պաշտպանի աշխատակազմում իրականցվել է ուսումնասիրություն, որի շրջանակներում պարզվել է, որ նշված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և դրանց լուծումն, այդ թվում` օրենսդրական կարգավորման տիրույթում է։
«Այդ առումով Պաշտպանն արդեն իսկ վարել է համապատասխան հաղորդակցություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր լուծումների առնչությամբ Պաշտպանը կխոսի հրապարակային»,- նշել է Ասլանյանը։