Ոստիկանները Երեւանում հետապնդել ու վնասազերծել են մարտական ատրճանակով զինված երիտասարդին
Հունիսի 26-ին, ապօրինի զենքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 14 հասցեի մոտ մի քաղաքացի զինված է մարտական ատրճանակով։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ նրան վնասազերծելու նպատակով ստեղծվում են օպերատիվ խմբեր՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ։
Արդեն Աթոյան անցուղի 14 հասցեի մոտակայքում կասկածյալը նկատում է ոստիկանական համազգեստով անձանց և դիմում է փախուստի:
Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հետապնդում են նրան և Աթոյան անցուղի 12/3 հասցեում գտնվող ավտոտնակների մոտակայքում փախուստի դիմողն իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակի պահեստատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, իսկ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 10 հասցեում՝ ճանապարհի եզրային հատվածում գտնվող բետոնե պարիսպների տակ, իր գոտկատեղից հանելով, գետնին է նետում «Մակարով» տեսակի ատրճանակ, ապա շարունակում է դիմել փախուստի:
Արդեն Աթոյան անցուղի 10 շենքի մոտակայքում ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներին հաջողվում է կանխել վերջինիս փախուստը, որից հետո նշված անձը՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզվել են, որ տվյալ անձը Երևանի բնակիչ 26-ամյա Մելս Է․-ն է: