Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով՝ նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի և պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե՛ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների և թե՛ պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ՝ ստանալով վերջիններիս հավանությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:
Նախաձեռնությունը հունիսի 26-ին քննարկվել է ԱԺ պատգամավորների, պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Մասնակիցները ողջունել են մտահղացումը: Նշվել է, որ առաջարկն ուղարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ, և արդեն կան արձագանքներ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձևավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ:
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին մասնակից լինելու երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը, ձեռք բերելու նոր հմտություններ, ծանոթանալու բանակի առօրյային: Պատգամավորի տեղեկացմամբ՝ ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզվել է, որ նմանատիպ ծրագրեր իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում:
Մասնակիցները մանրամասն քննարկել են ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: