Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման գործընթացում Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը:
Մասնավորապես կարևորվել է ԶՖԳ միջոցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին ցուցաբերված աջակցությունը՝ ինչպես քաղաքականության վրա հիմնված բյուջետային, այնպես էլ տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների և այլ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին: