ԵՄ-ն խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար․ Ստանո
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում։
Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի հասցեին և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն ուղղված մեղադրանքներին ու սպառնալիքներին ի պատասխան՝ փոխանցում է «Արմենպրես»-ը։
Պաշտոնյան վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության գործընթացին։
«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին։ ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու բոլոր ջանքերին և խրախուսում է վճռական քայլերը՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար»,- ասել է Ստանոն։