Մեքսիկայի հետ առկա է առևտրաշրջանառության չօգտագործված ներուժ, որն անհրաժեշտ է ուսումնասիրել և իրացնել. Պապոյան
Համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության և հատկապես տեխնոլոգիաների ոլորտում կարող է նպաստել Հայաստանի և Մեքսիկայի միջև առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը: Այս մասին կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հունիսի 24-ին ընդունելով Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գայարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը։
«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ առևտրաշրջանառությունը Մեքսիկայի հետ 2023 թ․ հունվար-դեկտեմբերին կազմել է 2.3 մլն ԱՄՆ դոլար, և իմ կարծիքով, առկա է չօգտագործված ներուժ, որն անհրաժեշտ է ուսումնասիրել և իրացնել»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ոլորտների թվում նախարարը մատնանշել է հանքարդյունաբերության, ՏՏ և նորարարության ոլորտները։
Նախարարը հյուրերին ներկայացրել է երկրի ներդրումային միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։