Հնդկաստանի վարչապետը կայցելի Ռուսաստան
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 8-9-ը։
ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանի խորհրդարանի նոր կազմին մոտ կանգնած աղբյուրը։
«Իմ տեղեկություններով՝ (խմբ․՝ այցը պատրաստվում է) հուլիսի 8-9-ը: Սակայն ժամկետները կարող են փոփոխվել: Բայց հենց այդ ժամկետների մասին են այժմ մեզ մոտ խոսում», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակներում լրագրողներին հայտնել էր, որ Մոդիի այցը Ռուսաստանի Դաշնություն այժմ ակտիվորեն պատրաստվում է, սակայն նա կոնկրետ ժամկետներ չէր նշել։
Ինչպես հաղորդել է The Tribune թերթը, Մոդին Ռուսաստան կժամանի հուլիսի 8-ին՝ հնդկառուսաստանյան կապերի ամրապնդման նպատակով: Հրատարակությունն ընդգծել է, որ ուղևորությունը նշանակալից է, քանի որ Նարենդրա Մոդին միայն վերջերս է երրորդ անգամ ընտրվել Հնդկաստանի վարչապետ, իսկ Վլադիմիր Պուտինը մարտին է վերընտրվել նախագահի պաշտոնում։ Մոդին վերջին անգամ Ռուսաստանում է եղել 2019 թվականին, երբ ժամանել էր Վլադիվոստոկ։ Իսկ Մոսկվա նա այցելել է 2015 թվականին:
Պուտինը և Մոդին կանոնավոր շփումներ են պահպանում: Նրանց առաջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսին Բրազիլիայում՝ BRICS-ի վեցերորդ գագաթնաժողովում, այնուհետև ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են միջազգային տարբեր կառույցների միջոցառումների շրջանակներում և հեռախոսազրույցներ են ունեցել: Պուտինը Ռուսաստանի ղեկավարի պաշտոնում Հնդկաստան է այցելել ինն անգամ: