Լեհաստանը զգալիորեն կրճատել է օտարերկրացիներին վիզաների տրամադրումը
Լեհաստանը զգալիորեն կրճատել է օտարերկրացիներին վիզաների տրամադրումը։
Ինչպես հայտնում է Rzeczpospolitа պարբերականը, 2024 թվականի սկզբից Լեհաստանը 98 000-ից ավելի աշխատանքային վիզաներ է տրամադրել Բելառուսի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներին, մինչդեռ 2023 թվականին տրամադրել էր 248 000 վիզա։ Բացի այդ, Լեհաստանի նոր իշխանությունները չեղարկել են Լեհաստանի Poland Business Harbour վիզային ծրագիրը, որն ակտիվորեն օգտագործվում էր ՏՏ մասնագետների կողմից։
Վարշավան գործնականում կասեցրել է մարդասիրական վիզաների տրամադրումը։ Տարեսկզբից տրվել է ընդամենը 542 նման վիզա, մինչդեռ անցյալ տարի դրանց թիվն անցել էր 4,5 000-ը։
Բացի այդ, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հունիսի 1-ից բարձրացնել վիզայի վճարը մինչև 135 եվրո՝ D կարգի վիզայի համար, որը թույլ է տալիս երկրում մնալ ավելի քան երեք ամիս:
Նշենք, որ «Օրենք և արդարություն» կուսակցության կառավարման տարիներին Լեհաստանը ԵՄ-ում վիզաների տրամադրման առաջատարներից էր։ 2020-2022 թթ Վարշավան գրեթե 2 միլիոն աշխատանքային վիզա է տրամադրել։ 2023 թվականի սեպտեմբերին երկրում «վիզային սկանդալ» ծագեց․ ընդդիմությունը մեղադրեց այն ժամանակվա փոխարտգործնախարար Պյոտր Վավրչիկին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2022 թվականին աֆրիկյան և արաբական երկրներից միգրանտներին ապօրինաբար մոտ 200 000 վիզա տրամադրելու մեջ։ 2024 թվականի փետրվարին Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) հանձնաժողովը սկսեց հետաքննել երրորդ երկրների քաղաքացիներին լեհական վիզաների տրամադրման ժամանակ տեղ գտած խարդախությունների դեպքերը։