ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք
Միացյալ Նահանգների քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ծանոթանալու տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին։
Այս մասին նշված է Նինա Խաչիկյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառումներում։
«Նախքան տուն վերադառնալը՝ ես հանգստյան օրերն անցկացրի Սյունիքում՝ հարավային Հայաստանում: Այն, իսկապես, անհավանական վայր է. պատմությունը, մշակույթը, հրաշալի մարդիկ և հրաշալի բնական գեղեցկությունը հիացրել են ինձ։ Զարմանալի է Սյունիքի բնական գեղեցկությունը, իսկ շուրջբոլորը հնագույն պատմություն է։ Հայերն այստեղ ապրել են հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ»,- նշել է Խաչիկյանն իր գրառման մեջ՝ հավելելով, որ ինչպես Հայաստանում ամենուր, այնպես էլ Սյունիքում կան գեղեցիկ հին եկեղեցիներ, քանի որ Հայաստանն առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին:
«Որոշ շինություններ, որոնք մենք տեսանք, թվագրվում են մեր թվարկության 400-ական թվականներին»,- նշված է գրառման մեջ:
ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն իր գրառումներում անդրադարձ է կատարել նաև տեղի խոհանոցին՝ նշելով, որ Սյունիքում, ինչպես և ամենուր Հայաստանում, սնունդը թարմ է և համեղ, բայց կան հատուկ մարզային ուտեստներ և մեծ քանակությամբ լեռնային թեյ։ Նա նաև հույս է հայտնել, որ շուտով նորից կվերադառնա Սյունիքի մարզ:
«Մենք թափառեցինք հարյուրավոր տարիներ առաջ կառուցված հին գյուղերում, որտեղ կային մեծ պտղատու ծառեր, ինչպիսիք են թթենին և ընկույզը: Որոշ կացարաններ եղել են քարանձավներ՝ բնական և քարից քանդակված»,- նշած է Նինա Խաչիկյանի գրառումներում։