Գործադուլ՝ ՀՀ վարչական դատարանում. պահանջում են բարձրացնել աշխատավարձը
Գարեգին Նժդեհի հասցեում գտնվող ՀՀ վարչական դատարանում գործադուլ է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց դատավորներից մեկի օգնականը:
«Հիմա դրսում են բոլորը՝ գործադուլ են անում դատավորների օգնականները, գործավարները ու նիստերի քարտուղարները։ Խնդիրը աշխատավարձերի բարձրացումն է: Մեզ կանչել և պաշտոնապես հայտարարել էին, որ հուլիսի 1-ով բարձրանալու է ու հիմա ասում են, որ չի բարձրանալու»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա պատմեց, որ պարգևավճարները հանեցին աշխատավարձը բարձրացնելու մասին խոսակցությունից հետո:
«Կառավարություն գրություն ենք ուղարկել ողջ անձնակազմի ստորագրություններով, հիմա սպասում ենք արձագանքի: Մեզ միացել են մեր գործընկերները Վանաձորից, Գյումրիից և Սևանից: Խնդիրը բոլոր դատարաններին է վերաբերում, մի շարք աշխատակիցներ լավ առաջարկներ չեն ընդունել՝ այն մտքով, որ աշխատավարձը բարձրանալու է, սակայն նույն 80-90 հազար դրամն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք՝ վարչական դատարանի գրասենյակը 12։00-ից փակ է: