Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը, որում եղել է 1,2 մլն դրամ
Երևանում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, թալանել են Սայաթ Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմանում նկատել են, որ, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ դուռը բացելու միջոցով, գողացել են տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ աշխատում է «Թելսել» ԲԲԸ-ում՝ որպես անվտանգության պետ։