Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին հանդիպել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ժողովրդական Կոնգրեսի մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահ Ուան Յենլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
«Սա առաջին պաշտոնական պատվիրակությունն է, որ Հայաստանից երբեւէ այցելում է Հուբեյ նահանգ, եւ պետք է նշեմ, որ դրական զգացողություններ ու տպավորություններ ունեմ», – ասել է Հակոբ Արշակյանը:
«Ուան Յենլին առանձնակի կարեւորել է նման հանդիպումները, որոնք փոխադարձ շփումների արդյունքում առավել զարգանում են՝ հույս հայտնելով, որ դրանք հարաբերությունների ընդլայնման համար լավ հիմք կլինեն:
ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ համագործակցության համար:
Կարեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն առավել կզարգացնի երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները:
Ուան Յենլին, անդրադառնալով Չինաստանի եւ Հայաստանի միջեւ գործող ծրագրերին, ընդգծել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացում ապագայում:
Մշտական կոմիտեի գործադիր փոխնախագահը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի՝ գիտության եւ տեխնոլոգիաների ուղղությամբ զարգացվածության մասին: Նա նաեւ հավելել է, որ ուրախ կլինի Հուբեյ նահանգի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, տեխնոլոգական, գիտության եւ կրթության ոլորտներում հարաբերությունների խորացմամբ:
Զրուցակիցները կարեւորվել են Հայաստանի մարզերի, քաղաքների եւ Չինաստանի նահանգների ու քաղաքների միջեւ համագործակցության զարգացումը:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Հայկ Ցիրունյանը, Թագուհի Ղազարյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը»,-ասված է հաղորդագրության մեջ: