Գուտերեշն անդրադարձել է Իսրայել-Լիբանան սահմանին հնարավոր էսկալացիային
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Իսրայել-Լիբանան սահմանին հնարավոր էսկալացիային, պնդել՝ հարկավոր է խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումից:
«Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա հերթական Գազա: Իսրայելի և «Հեզբոլլահի» ռազմական հռետորաբանությունը մտահոգիչ է: Մեկ չմտածված քայլը կարող է հանգեցնել աղետի»,- հայտարարել է Անտոնիու Գուտերեշը։ Նա կոչ է արել երկու կողմին էլ՝ անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները:
Մինչ այդ ՑԱՀԱԼ-ը և «Հեզբոլլահը» հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ երկրի իշխանությունը մտադիր է դադարեցնել Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժման հետագա հարձակումները և շուտով անհրաժեշտ որոշումներ կընդունի այդ ուղղությամբ։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր Լիբանանի ուղղությամբ հարձակման օպերատիվ ծրագրերի հաստատման մասին: «Հեզբոլլահի» առաջնորդն էլ նախազգուշացրել է՝ եթե ՑԱՀԱԼ-ը հարձակվի, Իսրայելում անվտանգ տեղ չի մնա, քանի որ «Հեզբոլլահը» հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ կհասցնի: