Հարսի աչքերին նյութ են փչել, պարանոցից հափշտակել խաչով շղթան. սկեսուրն ահազանգել է ոստիկանություն
Հունիսի 15-ին՝ ժամը 16.36-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ նյութ են փչել հարսի աչքերին ու հափշտակել վզնոցը:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Հարսից ընդունվել է հաղորդում:
Պարզվել է, որ Անդրանիկի փողոցում նյութը դեմքին փչելուց հետո մի տղամարդ պարանոցից քաշել-պոկել է խաչով շղթան` պատճառելով 550 հազար դրամի վնաս:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Ի դեպ, կասկածյալը նախկինում բազմիցս դատապարտվել ու կրել էր պատիժը` այդ թվում նաև ավազակության համար:
Հունիսի 18-ին՝ առավոտյան ժամը 11-ին, 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է բնակության վայրի տարածքում, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքնությամբ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: