«Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել․ ՔԿԾ-ն հերքում է տարածել
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքում է տարածել այսօր մամուլում տարածված այն տեղեկության վերաբերյալ, թե «Արմավիր» ՔԿՀ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել։
«Այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է ««Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել․ բաժնի պետն ազատվել է» վերտառությամբ հոդված։
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանը հունիսի 18-ին ազատվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ», - նշված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրաթերթում հրապարակված հոդվածի համաձայն՝ անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը։