Ինքնագլորների երթևեկության հետ կապված կանոններ են մշակվել, սահմանվել է տարիքային շեմ
Կառավարությունը կարգավորեց ինքնագլորներով երթևեկության հետ կապված կանոնները։
Կառավարության հունիսի 20-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
ՆԳ նախարարի տեղակալը հստակեցրեց, որ նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով դրանց մեծ տարածումը երթևեկության մեջ, նաև այն հանգամանքը, որ այսպիսի միջոցների օգտագործումն առավելապես տարածված է երիտասարդների և անչափահասների շրջանում, և այստեղ դաշտը կարգավորելու կարիք կա։
Սարգսյանը նշեց, որ ինքնագլորների երթևեկության կանոնները շատ պարզ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի դեպքում սա ավելի թեթև տրանսպորտային միջոց է դիտարկվում տեղաշարժման համար, մյուս դեպքում՝ վերահսկողությունը բավականին դժվար է լինում, եթե շատ բարդ կանոններ են նախատեսվում։
«Դաշտը ավելի ճկուն կարգավորելու տեսանկյունից հիմնականում մի քանի բաղադրիչներ կան, որոնք ենթակա են կարգավորման։
Առաջինը սուբյեկտների շրջանակն է, թե ովքեր կարող են օգտագործել ինքնագլորները։ Մեր դեպքում դրանք 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներն են կամ 16 տարեկանը լրացած այն անձինք, որոնք ունեն «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Շատ ու շատ երկրներում տարիքային շեմերը տարբերակված են՝ կարող են լինել 14,15,17 տարեկանները, բայց մեր դեպքում փորձել ենք հնարավորինս պարզ վարչարարություն ընտրել»,-ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ մինչև 18 տարեկան անձինք կարող են երթևեկել ինքնագլորներով համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում։
«Նախատեսվում է նաև երթևեկության պահանջները, թե որտեղ կարելի է վարել այսպիսի միջոցները։ Առաջնային տեղը տրվում է այն գոտիներին, որտեղ իրականում պետք է լինեն այսպիսի տրանսպորտային միջոցներ։ Դրանք՝ հեծանվային, հեծանվահետիոտնային արահետներն են կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիները, որոնց բացակայության դեպքում անցում ենք կատարում երկրորդ գոտուն, որոնք կարող են ճանապարհային հատվածների կողնակները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երթևեկությունը թույլատրվում է աջամասային տարբերակով»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կիլոմետր ժամը։