ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մոսկվան հույս ունի, որ Երևանում կհասկանան, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն է ընձեռում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:
«Մենք հույս ունենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների միջև համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,-ասել է Գալուզինը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրը դուրս կգա ՀԱՊԿ-ից, երբ իշխանությունները դա անհրաժեշտ համարեն: 2024-ի փետրվարին հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Մարտին Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխան տարածքին:
Ավելի վաղ Հայաստանը դադարել էր մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։ Մասնավորապես, մայիսի 31-ին ՀՀ-ն չի մասնակցել Ալմաթիում անցկացվող պաշտպանության նախարարների խորհրդին։ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: