«Հայանտառ» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի կնոջից 929 հազար դրամ վնասի հատուցում է պահանջում․ «Հետք»
Շուրջ 3 տարի տևած դատական պրոցեսի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջը նոր պահանջ է ներկայացրել։ ՊՈԱԿ-ը անտառների վարձակալության դատական գործի շրջանակներում հայցի առարկայի և հիմքի փոփոխության միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է Լաուրա Եփրեմյանից հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բռնագանձել ընդհանուր 928 770 դրամ՝ որպես պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնաս, գրում է «Հետք»-ը:
Հիշեցնենք՝ ՊՈԱԿ-ը միայն մեկ պահանջով էր դիմել դատարան՝ վաղաժամկետ լուծել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և քաղաքացի Լաուրա Եփրեմյանի միջև 2010թ․ ապրիլի 8-ին կնքած անտառային հողերի վարձակալության պայմանագիրը:
Այդ պայմանագրով Լաուրա Եփրեմյանին 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման էր հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածք՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:
«Հայանտառ»-ը դատարանին հայտնել էր, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել է կառուցապատման աշխատանքներ, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ:
«Հայանտառ»-ը հայցադիմումին կից ներկայացրել է փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն: ՊՈԱԿ-ը հայտնել է, որ հանդիսանալով անտառների և անտառային հողերի տիրապետման և օգտագործման իրավասություն ունեցող մարմին՝ օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ իրավասու չէ իրականացնելու փորձաքննություն հողը ոչ նպատակային օգտագործման արդյունքում առաջացած նյութական վնասի հաշվարկման մասով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ փորձաքննությունը՝ համապատասխան իրավասու մասնագետի կողմից, մասնագիտացված աշխատանք է ենթադրում, ինչպես նաև պետք է կատարվի համապատասխան գիտելիքներ, մասնագիտական որակավորում, փորձ և լիցենզիա ունեցող անձի կամ հիմնարկի կողմից, գործի արդարացի, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման նպատակով ՊՈԱԿ-ն անհրաժեշտ է համարել դիմել փորձաքննություն իրականացնող համապատասխան լիցենզիա և որակավորում ունեցող անձի կամ հիմնարկի:
Դատարանը բավարարել է միջնորդությունը: Նշանակել է հաշվապահական փորձաքննություն, որի պարզաբանմանն առաջադրել է հետևյալ հարցերը`
- որքա՞ն է կազմում դրամային արտահայտությամբ պայմանագրային խախտման` կառուցապատման ձևով, շահագործման հետևանքով վարձակալական գումարի տարբերություն` ամսվա հաշվարկով,
- որքա՞ն է կազմում նշված հողերը ոչ նպատակային նշանակությամբ և պայմանագրային խախտման եղանակով օգտագործման հետևանքով պատճառված վնասների չափը:
Փորձաքննության կատարումը դատարանը հանձնարարել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:
Դատավոր Զարուհի Նախշքարյանը, ում վարույթում քննվում էր տվյալ գործը, 2021թ. նոյեմբերի 11-ին գործի վարույթը կասեցրել էր մինչև նշված փորձաքննության արդյունքների պատրաստ լինելը:
Ողջ 2022թ․-ը փորձաքննություն է իրականացվել։ Իսկ 2023թ․ փետրվարի 27-ին, Բարձրագույն դատական որոշմամբ, դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են, վերջինիս գործերի վերաբաշխման արդյունքում, նշված քաղաքացիական գործը 2023թ. մայիսի 8-ին վերամակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին։ 2023թ. մայիսի 16-ի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ, գործի կասեցված վարույթը վերսկսվել է և հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2023թ. հոկտեմբերի 16-ին:
Արդեն 2024թ. մարտի 11-ին «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սևակ Մարկոսյանը հայցի առարկան և հիմքը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այստեղ էլ ՊՈԱԿ-ը պահանջել է 928 770 հազար դրամի փոխհատուցում բռնագանձել Եփրեմյանից։
Միջնորդությունն առաջին անգամ մերժվել է, քանի որ բռնագանձման ենթակա գումարի երկու տոկոսի չափով պետական տուրքը կազմում է 18575 դրամ, որից 4000 դրամը վճարվել է հայցադիմում ներկայացնելիս, այդ գումարի տարբերությունը կազմող 14575 դրամ պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող ապացույց՝ միջնորդությանը կից, դատարան չի ներկայացվել, որը և հիմք է եղել միջնորդությունը մերժելու համար:
Արդեն 2024թ․ ապրիլի 5-ին ամենը ճշգրիտ ներկայացվել է, և դատավոր Եսոյանը բավարարել է այն։
Խաչատրյանների Ծաղկաձորի կալվածքը` հատուկ պահպանվող տարածքում
Խաչատրյաններն իրենց առանձնատան հարակից մեկ այլ հատված էլ վարձակալել էին «Լուչե վերդե» ՍՊԸ-ի միջոցով: Այս ընկերության հիմնադիրն ու տնօրենը Արմեն Նազարյանն էր, որը Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է և ներգրավված է նրա ընտանիքին պատկանող մի շարք այլ բիզնեսներում, մասնավորապես՝ «Մեգակոնցեռն» ՍՊԸ-ում, «Յուքոմ» ՍՊԸ-ում, «Մարի Թամրազյան» ՍՊԸ-ում և մի քանի այլ ընկերություններում։
«Լուչե վերդե» ՍՊԸ-ն 7,9 հա անտառ էր վարձակալել, որի դիմաց սահմանվել էր տարեկան 395 հազար դրամ վարձավճար։
«Հայանտառը» դատի էր տվել նաև այս ընկերությանը և պահանջում էր լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը անտառխախտման հետևանքով և հատուցել պատճառված վնասը: Այս գործն էլ քննում էր դատավոր Սիմա Իսկանդարյանը։ Դատավորի լիազորությունների դադարեցման հիմքով գործը վերահասցեագրվել է այլ դատավորների, այժմ դատավոր Դանիել Մխեյանի վարույթում է։ Հիշեցնենք, այս գործով ևս նշանակվել էր փորձաքննություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։