Մահացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը
Ամերիկաբնակ երգչուհի Անահիտ Ներսիսյանը Ֆեյսբուքում գրել է.
«Կյանքից հեռացավ հայ բեմի Մեծ Տիկինը՝ ժող. դերասանուհի, պետական մրցանակի դափնեկիր Վիոլետա Գևորգյանը»:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։
Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ։
1988 թվականին մասնակցել է Բաքվի կինոփառատոնին և արժանացել արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը։
Ըստ նրա՝ Բաքու էր մեկնել Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների ու ջարդերի մասին այլ ազգերի ներկայացուցիչներին պատմելու համար, սակայն դերասանուհուն Հայաստանում համարեցին դավաճան, և նա 1991 թվականին տեղափոխվեց և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։
Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն։