Որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը. Նիկոլ Փաշինյան
Այս վերջերս ինձ մոտ հարց ծագեց՝ որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը: Համոզված եմ, որ չկա:
Այս մասին այսօր ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք ոչ միշտ ենք կարևորություն տալիս թվաբանությանը:
«Այստեղ էլի սրբացման ֆենոմենն ա, որ էդ թիվը սուրբ ա, հանկարծ չկպնե՛ք: Էդ թիվը ոչ ավելանում ա, ոչ պակասում, չես կարա փոխես: Մեկը ասի 10 մլն չի, 10 մլն 561 հազար ա, բոլորը կհարձակվեն, կասեն ա՛յ տգետ, ա՛յ դիլետանտ, դու որտեղի՞ց գիտես:
Մեկը ասի՝ չէ, 9 մլն 200 հազար ա, կասեն՝ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր: Սա մեր իրականությունն ա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
«Թվում է, թե 10 մլնի մեջ ընդամենը մի քանի հարյուր մարդ ա «ի գործ» ծրագրին մասնակցում, բայց դա շատ կարևոր գործոն է: Նախ` քաղաքական ուղերձ է, ապա օրգանական կապ է: Օրգանական կապերը գենետիկ մակարդակով են ձևավորվում, իսկ գեները շատ անտեսանելի են, ինչպես մի հոգին կարող է անտեսանելի լինել միլիոնավոր մարդկանց մեջ:
Այն ինչ ես այսօր ասացի, համարում եմ, որ շատ կարևոր է, բայց ուրիշ միջավայրում չէի ասի: Մենք կարող ենք հանդիպել հանրության տարբեր շերտերի հետ. ամեն լսարան ենթադրում է իր ասելիքը, և այն ինչ ես ասացի, հնարավոր էր ասել միայն այս հանդիպման ժամանակ»,-ասաց նա: