Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական ու տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների ավարտն է, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, և հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն վկայակոչում է Հայաստանի անկախության ակտը, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարության տրամաբանությունը, որը ձգտում է անտեսել այս խնդիրը, ցույց է տալիս, որ «այս երկիրը շահագրգռված չէ տևական խաղաղությամբ և փորձում է միայն պահպանել այս իրավիճակը՝ որպես հետադարձ տարբերակ՝ Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու համար»։