Հայաստանում կառավարող վարչակազմը հատել է բոլոր կարմիր գծերը. այն պետք է հնարավորինս շուտ հեռացվի․ Սասունյան
Ես խորապես հիասթափված և վշտացած եմ Հայաստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձություններից․ այնքան շատ բռնություն եղավ և արյուն թափվեց Երևանի փողոցներում և այնքան անխոհեմ հայտարարություններ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Շատ վրդովեցուցիչ էր տեսնել էր տեսնել, թե ինչպես է Փաշինյանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ նետում և ծեծում խաղաղ տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք պարզապես իրացնում էին իրենց քաղաքացիական իրավունքները մի երկրում, որը կեղծորեն համարվում է ժողովրդավարական: Բռնությունը հանրությունից թաքցնելու համար ոստիկանները նույնիսկ հարձակվեցին լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչների վրա և ոչնչացրեցին նրանց սարքավորումները: Ոստիկանությունը նույն մարտավարությունը կիրառեց խորհրդարանի ներսում, երբ Փաշինյանի կողմնակիցները ֆիզիկական բռնության էին ենթարկում ընդդիմությանը։ Ոստիկանությունը փորձեց ստիպել լրագրողներին դադարեցնել հեռարձակումը խորհրդարանի անդամների բռնի վարքագծի մասին, սակայն խիզախ լրագրողները, որոնք բոլորը կանայք էին, շարունակեցին հեռարձակել ամոթալի ծեծկռտուքը:
Ավելի քան 100 քաղաքացիական անձինք և մի քանի ոստիկաններ հոսպիտալացվեցին: Մեկ ցուցարար կորցրեց ձեռքի երեք մատները լուսաձայնային նռնակի պատճառով: Բացի այդ, Փաշինյանի քննադատ, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանը, հատուկ թիրախավորվեց ոստիկանության կողմից: Նրա ձերբակալությունից հետո տասնյակ ոստիկաններ դաժանորեն հարձակվեցին նրա վրա՝ պատճառելով ուղեղի ցնցում, գլխի խոր վերք, ինչպես նաև կոտրեցին նրա մի քանի կողոսկրերը: Սիրիայից արտագաղթած Գասպարյանը դոցենտ է, հեռուստահաղորդավար և Genesis Armenia վերլուծական կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Այս դաժան գործողությունները դատապարտել են Amnesty International-ը, Լեմկինի ինստիտուտը և ԱՄՆ-ի հայ փաստաբանների ասոցիացիան:
Այժմ անդրադառնանք Փաշինյանի անհեթեթ հայտարարություններին, որոնք խորհրդարանում հնչեցին ավելի քան հինգ ժամ՝ երկու օրվա ընթացքում: Նախ, նա հայտարարեց, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), բայց ասաց, որ չգիտի, թե երբ: Դա կարող է լինել «մեկ ամսից, մեկ տարուց կամ երեք տարուց»: Սա այն է, ինչ ես անվանում եմ «վճռական ղեկավար․․․»։
Այնուհետև Փաշինյանը մեղադրեց Բելառուսի (ՀԱՊԿ անդամ) նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ 2020 թվականի պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում Ադրբեջանին աջակցելու համար: Փաշինյանը հայտարարեց, որ երբեք չի այցելի Բելառուս՝ ո՛չ ինքը, ո՛չ իր պաշտոնյաներից որևէ մեկը: Իր անընդհատ հակասական հայտարարություններին համահունչ, Փաշինյանը շուռ եկավ և ասաց, որ իր որոշումը կվերանայի միայն այն բանից հետո, երբ Բելառուսը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ նախագահ Լուկաշենկոն ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որոնք հայ ժողովրդի համար հասկանալի և ընդունելի կլինեն․․․
Չնայած Լուկաշենկոն հրեշտակ չէ և արժանի է քննադատության Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար, Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց իր ապաշնորհությունը՝ թույլ տալով մի քանի սխալներ.
1) Ինչու՞ է Փաշինյանը հանկարծ արթնացել 2024 թվականին այն փաստից, որ Բելառուսը աջակցել է Ադրբեջանին, երբ դա հանրությանը հայտնի էր դեռևս 2020 թվականից առաջ։
2) ՀԱՊԿ-ի ղեկավար Ռուսաստանն Ադրբեջանին շուրջ 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է մատակարարել 2020 թվականի պատերազմի համար։ Ինչո՞ւ Փաշինյանը չի հայտարարում, որ երբեք չի այցելի Ռուսաստան, քանի դեռ Պուտինը նախագահ է։
3) Թեև Իսրայելը ՀԱՊԿ անդամ չէ, սակայն ինչո՞ւ Փաշինյանը չի քննադատում այդ երկրին և խոստանում որևէ կապ չունենալ նրա հետ, քանի որ Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է միլիարդավոր դոլարների առաջադեմ անօդաչու թռչող սարքեր և արդիական այլ զինատեսակներ, որոնցով հազարավոր հայ զինվորներ են վիրավորվել կամ սպանվել։
4) Մինչ Փաշինյանը հրաժարվում է մեկնել Բելառուս, սակայն նա ուրախությամբ մեկնեց Անկարա՝ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, սեղմեց նրա ձեռքը ու շնորհավորեց։ Թուրքիան ոչ միայն մատակարարել է մահաբեր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր և Ադրբեջան տեղափոխել հազարավոր ջիհադիստ ահաբեկիչներ՝ Արցախի դեմ պայքարելու համար, այլև, ավելի կարևոր՝ ղեկավարել է 2020 թվականի պատերազմը: Արդյո՞ք Փաշինյանը չպետք է հրաժարվեր Թուրքիա մեկնելուց՝ Էրդողանին քծնելու և չզղջացող ցեղասպան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն, որը դեռևս օգնում է սպանել հայերին:
5) Ինչո՞ւ Փաշինյանը չհայտարարեց, որ դադարեցնում է բոլոր առևտրային հարաբերությունները Բելառուսի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի հետ, քանի որ նրանք աջակցում են Ադրբեջանին: Ինչո՞ւ է դա սովորական բիզնես այն երկրների հետ, որոնք զինում են քո թշնամիներին՝ քո քաղաքացիներին սպանելու համար:
Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից շարունակեց ամենավիրավորական և չարամիտ ստերն ասել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի, արցախահայերի և ընդդիմության մասին: Նման վարքագիծը հարիր չէ երկրի վարչապետի համար․․․
Այնուհետև Փաշինյանը խոստովանեց, որ իր ամենամեծ ձախողումն այն էր, որ Արցախը չի տվել Ադրբեջանին, երբ առաջին անգամ եկավ իշխանության։ «Եվ, այո, երեկ ես ընդունեցի, որ իմ ամենամեծ սխալն ու ամենամեծ ձախողումն էր, որ դա չարեցի 2018 թվականին»: Սա այն նույն մարդն է, որը 2019 թվականին Արցախ այցելելիս հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իսկ հետո, 2023 թվականին շուռ եկավ և ասաց ճիշտ հակառակը՝ «Արցախն Ադրբեջանի մաս է»։ Զարմանալի չէ, որ Փաշինյանի քննադատները կարծում են, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ։
Փաշինյանը շարունակելով ասաց, որ Հայաստանը պետք է «իջեցներ արցախյան կարգավորման նշաձողը»՝ այս հարցում միջազգային կոնսենսուսին համապատասխանելու համար։ Նա մոռացել էր, որ իր գործը Հայաստանի շահերը պաշտպանելն է, այլ ոչ թե այլ երկրների ցանկություններին ենթարկվելը։ Անտրամաբանորեն նա փորձեց բացատրել, թե ինչու է սխալ սկսել սակարկել քո ամենաբարձր պահանջից։ Այնուհետև նա ասաց, որ հայտնաբերել է 1996 թվականի մի փաստաթուղթ, սակայն պնդեց, որ հազիվ թե որևէ մեկը իմանար դրա մասին, քանի որ այն ժամանակ ինտերնետ չկար։ Իրականում ինտերնետը ստեղծվել է 1971 թվականին: Նա կարդացել է ԵԱՀԿ նախագահի քննադատությունը Հայաստանի հասցեին, բայց չի կարողացել կարդալ դրա վերաբերյալ Հայաստանի առարկությունները: Նա կեղծորեն պնդեց, թե «Հայաստանի կղերա-ֆեոդալական էլիտան» խաբել է ժողովրդին, չնայած ինքն է փորձել խաբել հանրությանը։
Փաշինյանն ու նրա աջակիցները պետք է իմանան, որ վաղ թե ուշ նրանք պատասխանատվության են ենթարկվելու Հայաստանի օրենքները բազմիցս խախտելու համար: Նա և իր ոստիկանությունը պետք է դատվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Միջազգային քրեական դատարանի կողմից: Ադրբեջանի հետ Փաշինյանի ստորագրած բոլոր անօրինական պայմանագրերը հաջորդ ազգային իշխանությունը կհամարի անվավեր և չեղյալ կհայտարարի։
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի