Հունգարիան խոստանում է «Եվրոպան կրկին հզոր դարձնել»
Հունգարիան, որը հուլիսին ստանձնում է ԵՄ Խորհրդի նախագահությունը, կօգտագործի Make Europe Great Again (Եվրոպան կրկին հզոր դարձնենք) կարգախոսը: Այդ մասին երեքշաբթի՝ հունիսի 18-ին, հաղորդել է ԵՄ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցչության X-ի էջը։
Հունգարիան յոթ առաջնահերթություն է նշել ԵՄ Խորհրդում իր առաջիկա նախագահության համար: Դրանց թվում է անօրինական միգրացիայի դեմ պայքարը։
Բուդապեշտը՝ որպես ԵՄ Խորհրդի նախագահ, իր առջև խնդիր է դրել «հավասարակշռել» ԵՄ ընդլայնման գործընթացները, այն է՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի «եռյակին» թեկնածուի կարգավիճակ տրամադրելու արագացված ընթացակարգի ֆոնին ակտիվացնել Եվրամիության գործողություններն այդ ոլորտում՝ կապված Արևմտյան Բալկանների հետ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Բալինտ Օդորը:
DW-ի հարցին, թե ինչ դիրքորոշում պետք է ակնկալել Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև Կիևին օգնության ոլորտում, Օդորը պատասխանել է, որ Բուդապեշտը «ուշադիր կհետևի իրադարձությունների զարգացումներին և անհրաժեշտության դեպքում օրակարգում կներառի բոլոր անհրաժեշտ ասպեկտները»:
Լրատվականը նկատել է, որ Հունգարիայի թվարկված առաջնահերթությունների մեջ չկա «աջակցություն Ուկրաինային» արտահայտությունը, մինչդեռ նշվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են Եվրամիության մրցունակությունը, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունները, վարչական բեռի թուլացումը, պաշտպանական քաղաքականությունը և համագործակցությունը սպառազինությունների գնումների ոլորտում։