Արամ Ա կաթողիկոսը խնդրել է Իրանի աջակցությունը՝ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարությանն ազատ արձակելու հարցում
Հունիսի 18-ին Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ է հանդիպել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին։ Հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խնդրել է Իրանի աջակցությունը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու հարցում։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած մամլո հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է․
«Այսօր առավոտյան՝ Երեքշաբթի, Հունիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուճթապի Ամանին։
Հանդիպման ընթացքում քննարկեցին Լիբանանի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։
Նորին Սրբությունը անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայության վերադարձի իրավունքը, միջազգային հովանավորության ներքո, և շեշտեց Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը եւ այս հարցով խնդրեց Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող պատմական հարաբերությունը»: