Տարոնի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի՝ իր մորը պատկանող բնակարանից գողություն է կատարվել: Նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ հունիսի 11-ի ժամը 9-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացել, մտել էին ներս և հյուրասենյակի պահարանից գողացել էին փող:
Տարոնի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Հետագա միջոցառումներով վանաձորցի 31-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Տերյան փողոցում, սակայն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել է փախուստի: Ոստիկանները նրան հետապնդել, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել և տեղափոխել են Տարոնի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են փող, դանակներ, ռետինե ձեռնոց, տարբեր տեսակի հարմարեցված բանալիներ, սուր ծայրով մետաղյա առարկա, վզնոցներ, խաչեր և այլ իրեր:
Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: