Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իրանի Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել, տուժել է առնվազն 50 մարդ։
IRNA գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի էպիկենտրոն Քաշմար քաղաքի մոտակա գյուղերից մեկում երկու ընտանիք հայտնվել է փլատակներում։ Փրկարարներն աշխատում են նրանց դուրս բերելու ուղղությամբ։
Ըստ տեղի իշխանությունների՝ Քաշմարում փլուզվել են մի քանի շենքերի ճակատային հատվածներ, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։
Tasnim գործակալությունը հաղորդում է 50 տուժածի մասին։ Ըստ գործակալության հրապարակման՝ նահանգի մի քանի բնակավայրերում որոշ բնակիչներ դեռ փլատակներում են․ շտապօգնության խմբերն աշխատում են նրանց փրկելու ուղղությամբ:
Իրանական լրատվամիջոցները նշում են, որ 5 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Քաշմար քաղաքում և հարևան բնակավայրերում։
Իսկ ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ երկրաշարժը եղել է 4,9 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։