ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Գերմանիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում ներդրված ջանքերի համար եւ ընդգծել փոխգործակցության կայուն զարգացման կարեւորությունը:
«ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցությունն ու պատգամավորական ակտիվ փոխայցերը, խորհրդարաններում բարեկամական խմբերի առկայությունը, անխոս, վկայությունն են մեր երկրների միջեւ բարձր մակարդակի երկխոսության»,- նշել է ԱԺ նախագահը:
Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ ընդգծել, որ միջխորհրդարանական շփումներն առանցքային դերակատարում ունեն հարաբերությունների խորացման հարցում:
Զրուցակիցները քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Վիկտոր Ռիխտերը վերահաստատել է ԳԴՀ հանձնառությունը՝ աջակցել խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացին:
«ՀՀ-ում ընթացող բարեփոխումները եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը քաղաքական առաջնահերթություն են»,- նշել է դեսպանը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների եւ ընթացիկ ծրագրերի շուրջ: Կարեւորվել է փոխգործակցությունը մշակութային, կրթական, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում: